ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Անարդար կռվում պարտություն չկա, բայց հաղթողներ էլ չկան»

«Անարդար կռվում պարտություն չկա, բայց հաղթողներ էլ չկան»
12.06.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»
Քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքների, Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումների, բոլոր այդ գործընթացներում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս ՀՅԴ բյուրոյի անդամ, խորհրդարանում դաշնակցության խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
-Պարոն Հովհաննիսյան, ՀՅԴ-ն, ինչպես և այլ ուժեր, քաղաքային ավագանու ընտրություններում չհաղթահարեց 7 տոկոսի արգելաշեմը, ինչը բնութագրվում է իբրև սկզբունքային պարտություն։ Ձեզ պարտված համարո՞ւմ եք, թե՞ ոչ։
-Ճապոնական ասպետական կոդեքսի` Բուսիդոյի համաձայն, պարտություն կարող ես կրել միայն արդար կռվի մեջ։ Անարդար կռվում պարտություն չկա, բայց հաղթողներ էլ չկան։
-Համարում եք, որ ընտրությունները չե՞ն արտահայտում հասարակության իրական նախապատվությունները։
-Այո՛, և Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ այդ մասին հստակ ասված էր։ Մենք կրկին ականատես եղանք ընտրությունների կեղծման, խեղաթյուրման փաստերի։ Բնականաբար, որևէ պատճառ կամ առիթ չունեինք այդ իրողությունն անտեսելու և, կարծում եմ, շատ հստակ մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հանրությանը, իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը չի ստորագրել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, քանի որ մենք շատ որոշակի վերապահումներ էինք արտահայտել։
-Դաշնակցության գաղափարական ընդդիմախոս ՀԱԿ-ի առանձին գործիչների մի մասը հայտարարում է, թե ընտրությունները կեղծվել են, մյուսներն էլ նշում են, թե դրանք գնվել են։ Ո՞րն է իրականությունը։
-Թերևս, երկուսն էլ։ Այսինքն, կախված տեղամասից կամ ընտրատարածքում ստեղծված ընդհանուր մթնոլորտից, երկու «հանգամանքներն» էլ իրենց ազդեցությունն ունեցել են տարբեր չափով։ Ձայների գնումն այս անգամ համատարած բնույթ է կրել, բայց սա, ցավոք, շատ դժվար ապացուցելի և նույնքան էլ դժվար պատժելի հանցանք է։ Եթե հասարակությունը հասցված է այն մակարդակին, որ փող բաժանելը դիտվում է քարոզչությանը համարժեք ազդեցության ձև, ապա այնքան էլ զարմանալի չէ, որ այդ ամենը տեղի է ունենում։ Բայց, այսպես կոչված, «կարուսել» նույնպես եղել է, քանի որ, իմ խորին համոզմամբ, երևանցիների 52 տոկոսը չի մասնակցել ընտրությանը։ Մեր ունեցած տեղեկատվությամբ, այդպես է, և եթե արձանագրվեր իրական մասնակցության չափը, դաշնակցությունը, իհարկե, 7 տոկոսի արգելաշեմը կհաղթահարեր։ Բայց արձանագրվել է գրված թիվը, և այդ պարագայում ՀՅԴ-ն դուրս է մնում քաղաքային ավագանուց։
Բայց մենք պրոբլեմ չենք ստեղծում, որովհետև որքան էլ սրանք Երևանում առաջին համամասնական ընտրություններն էին և որակվում էին որպես քաղաքական կարևոր միջոցառում, այնուհանդերձ, դրանք տեղական կառավարման մարմնի ձևավորման խնդիր էին լուծում միայն։ Քաղաքապետարանը քաղաքական մարմին չէ, Երևանի ավագանին` նույնպես։ Մենք ուղղակի արձանագրում ենք փաստը, որ հերթական անգամ տեղի ունեցավ շատ տգեղ բան։ Այս ընտրությունների արդյունքներն այս պահին էապես չեն փոխելու քաղաքական մթնոլորտը երկրում, սակայն երբ գա խորհրդարանական ընտրությունների ժամանակը, փորձ կարվի այս իրավիճակն օգտագործել մեկ քաղաքական ուժի օգտին։ Դա էլ հենց իշխանության վերարտադրության արատավոր ձևն է, որին մենք միշտ դեմ ենք եղել։
-ՀՅԴ-ն չէր քաղաքականացնում ընտրությունները, Հայ ազգային կոնգրեսը` հակառակը, և նրանք անցան 7 տոկոսը։ Համամիտ չե՞ք, որ Ձեր ծրագիրն առանձնապես չէր տարբերվում մնացածներից։
-Համամիտ չեմ։ Խորքային առումով ամենամեծ տարբերությունը թերևս այն էր, որ մենք պատրաստ էինք Երևանի ավագանու մեծամասնությունը վերցնելու դեպքում քաղաքապետարանի գործունեության վերահսկողության լծակները հանձնել փոքրամասնություն կազմած ուժերին։ Այս մոտեցումը, ի դեպ, ընդունելի չէր ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ ՀԱԿ-ի համար։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից ընտրությունները քաղաքականացնելու մարտավարությանը, ինքներդ էլ տեսնում եք, որ արդյունքում իրենք իրար հակասող հայտարարություններ են անում։ Բայց կարևորը, ի վերջո, հետևյալն էր, որ եթե մինչև վերջ սկզբունքային էին, 7 տոկոսը հաղթահարելուց հետո չպետք է հրաժարվեին մանդատներից, այլ գնային և քաղաքային ավագանիում պաշտպանեին իրենց օգտին քվեարկած 70 հազար քաղաքացիների շահերը։ Եթե համարում են, որ քաղաքական հաղթանակ են տարել 7 տոկոսը չհաղթահարած ուժերի նկատմամբ։ Հակառակ դեպքում նշանակում է, որ ընտրողիդ հետ, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չես վարվում։
-Որքանով հասկանալի է, ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ ընդդիմադիր դաշտում համագործակցությունը բացառում է։
-Բացառել բառն ընդհանրապես քաղաքական բառապաշարում չկա։ Ի՞նչ է նշանակում բացառել։ Մենք ունենք մեր քաղաքական գիծը, ուղղությունը, տեղը քաղաքական դաշտում։ Հիմա տարբեր առաջարկներ են հնչում համագործակցության, միավորման և այլնի մասին։ Դաշնակցությունն ապրիորի ոչ մի առաջարկ չի մերժում, բայց առաջարկողները պետք է ծանոթանան մեր մոտեցումներին, և եթե համագործակցության եզրեր տեսնում են, այդ դեպքում կարելի է բանակցել։ Թեպետ կոնկրետ ՀԱԿ-ից մենք որևէ առաջարկ չենք ստացել։
-Ինքներդ էլ չե՞ք առաջարկել։
-Իհարկե` ոչ, որովհետև մենք դրա համար որևէ հիմք չունենք։ Այն, ինչ հայտնի է իրենց քաղաքական կուրսի վերաբերյալ, մեր քաղաքական օրակարգի ու մոտեցումների հետ չի համընկնում։
-Իսկ «Ժառանգությունը» պոտենցիալ գործընկեր չէ՞ Ձեզ համար։
-«Ժառանգության» հետ կապված խնդիրն այլ է, և այն պետք է դիտարկել երկու հարթության վրա։ Առաջինն այն է, որ խորհրդարանում կան երկու ընդդիմադիր խմբակցություններ, և նրանց միջև համագործակցությունը, խորհրդատվություններն այս կամ այն հարցի կամ օրինագծի վերաբերյալ, միանգամայն բնական են, նույնիսկ` անհրաժեշտ։ Երկրորդ հարթությունն արդեն արտաքին քաղաքականությունն է։ Մենք չենք ժխտում, որ վերջին շրջանում «Ժառանգության» մոտեցումներն արտաքին քաղաքականության խնդիրներին որոշ առումով համընկնում են դաշնակցության դիրքորոշումների հետ կամ հոգեհարազատ են մեզ։ Այդ առումով երկու հարթության վրա էլ համագործակցության եզրեր կան։ Պարզապես հայկական միջավայրում քաղաքական ուժերի միջև փոխադարձ վստահության ու համագործակցության հաստատման գործընթացը միշտ չէ, որ արագ ու հաջող է զարգանում։ Սակայն անհնարին էլ չէ։
-Կա կարծիք, թե ՀՅԴ-ն, նրա ղեկավարների մի մասը, այդ թվում` նաև Դուք, հետապնդվելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, հատկապես այդ պատճառով եք դեմ ՀԱԿ-ի հետ համագործակցությանը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Եթե ուրիշ պատճառներ էլ չլինեին, ես հանդիպակաց հարց կտայի` իսկ դա քի՞չ է։ Դա լիովին բավարար է, որ մենք այդ համագործակցության հեռանկարին առնվազն մեծ կասկածով վերաբերվենք։ Բայց, ինչպես վերևում նշեցի, այլ և անհամեմատ լուրջ պատճառներ կան։ Մանավանդ եթե քաղաքական ուժն ընդունակ չէ ընդունելու իր սխալները։ Դիրքորոշման այդպիսի փոփոխություն մենք չենք տեսնում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ նրա զինակիցների մոտեցումներում` կոնկրետ դաշնակցության նկատմամբ։
Քաղաքավարությունը պետք չէ խառնել քաղաքականությանը։ Ես մի առիթով նշել եմ, որ երբ մոտ երկու տարի առաջ դաշնակցության ղեկավարությունը հանդիպում ունեցավ մեր գաղափարական ու քաղաքական հակառակորդը հանդիսացող առաջին նախագահի հետ, դա զուտ քաղաքավարության դրսևորում էր։ Մենք նրան ընդունեցինք մեր գրասենյակում, իսկ հանդիպումը կազմակերպվել էր իր առաջարկությամբ։ Սակայն քաղաքական համագործակցության համար քաղաքական հիմքեր են պետք, իսկ դրանք չկան։
-Իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում համարժե՞ք է ՀԱԿ-ի ղեկավարի արտահայտած դիրքորոշումներին, եթե նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանը նույնպես ողջունել է այդ գործընթացը։
-Դե, ողջունեցին ու խաբվեցին, որովհետև սահմանը չբացվեց, ու դիվանագիտական հարաբերությունները չհաստատվեցին։ Այսօրվա իրադրությունը լավ իլյուստրացիան է այն իրողության, թե ինչ կլիներ, եթե 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չհեռանար իշխանությունից, այլ նախընտրեր հանձնել Ղարաբաղը։ Եվ ինչով կավարտվեին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման սպասումները` սահմանների, երկաթուղու բացման և այլնի հետ կապված։
-Անդրադառնանք քաղաքական դաշտում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն ՀՅԴ-ի շարքերը խիստ դժգոհ են կուսակցության ղեկավարությունից` քաղաքային ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո։ Եվ որ ղեկավարությունը չի կարողանում մարել այդ դժգոհությունը, կուսակցության մեջ որոշակի երկփեղկված վիճակ կա։
-Ինչպես նշեցի, ես չեմ համարում, թե մենք ազնիվ պայքարում պարտվել ենք։ Ցանկացած անհաջողություն քաղաքականության մեջ երբեք պայմանավորված չէ միայն կուսակցության ղեկավարությամբ կամ միայն շարքերի գործողություններով։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ են և՛ ՀՅԴ շարքերը, և՛ ղեկավարությունը, բայց մենք մեր դժգոհությունը չենք պայմանավորում միայն ընտրությունների հետ կապված` Հայաստանում հաստատված արատավոր պրակտիկայով։ Մենք գիտակցում ենք, որ նաև համարժեք աշխատանք չենք տարել, սակայն միաժամանակ կուսակցության ներսում բոլորովին էլ ապոկալիպսիսի վիճակ չկա։ Բնականաբար, տեղի ունեցածից հետևություններ կարվեն և համարժեք քայլեր կձեռնարկվեն, սակայն անառողջ մթնոլորտը նման իրավիճակներում բնորոշ չէ դաշնակցությանը։
-Դժգոհություն չկա նաև սփյուռքի՞ կառույցների կողմից։
-Այս ընտրությունների հետ կապված` բացարձակապես։ Որովհետև Երևանի քաղաքային ավագանու ընտրություններով սփյուռքն առանձնապես հետաքրքրված չէր։ Այլ բան է, եթե դրանք լինեին խորհրդարանական ընտրություններ։
-Դաշնակցության վերադարձն իշխանության դաշտ նախկին ձևաչափով որքանո՞վ է հնարավոր։
-Նախկին ձևաչափով իշխանության մաս կազմող ուժերի հետ համագործակցելու նախադրյալներ այսօր չկան։ Որովհետև մենք, հատկապես արտաքին քաղաքականության հետ կապված, հստակ անհամաձայնություններ ունենք և այդ պատճառով էլ դուրս եկանք կոալիցիայից։ Միաժամանակ իշխանության քաղաքականության մեջ չեն նկատվել այնպիսի փոփոխություններ, որ նախկին ձևաչափով համագործակցելու համար եզրեր ստեղծվեին։ Բնականաբար, դաշնակցությունն ընդհանրապես չի մերժում շփումն իշխանության հետ։ Իբրև ընդդիմություն մենք պետք է աշխատենք ազդել գործընթացների վրա, բացատրել մեր մոտեցումները, քննադատել ու ձգտել փոխել այն ուղղությունը, որ մենք սխալ ենք համարում։ Սա կա և միշտ լինելու է։ Բայց այսօր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը մասնակից լինել մենք, իհարկե, չենք կարող։
-Մինչդեռ դա չխանգարեց, որ դաշնակցությունը շարունակեր ղեկավարել երկու խորհրդարանական հանձնաժողովները, որոնք կոալիցիոն քվոտայով էին անցել ՀՅԴ-ին։
-Անկեղծ ասած, այդ հարցն ուղղակի շահարկվում է։ Որովհետև ամբողջ աշխարհում, հատկապես խորհրդարաններում, ընդդիմադիր փոքրամասնությունը պետք է ունենա վերահսկողական, գործընթացների վրա ազդելու լծակներ ու հնարավորություններ։ Զարգացած ժողովրդավարական երկրներում խորհրդարանական հանձնաժողովների մի մասն ուղղակի պառլամենտի կանոնակարգով ի սկզբանե պատկանում է ընդդիմությանը, որպեսզի նա կարողանա վերահսկել իշխանության գործողությունները։ Ըստ այդմ, այստեղ արտառոց բան չկա։ Պարզապես Հայաստանում է ընդունված, որ ընդդիմությունը պետք է լինի միայն հալածված և միայն փողոցում։
Իրականությունն այդպես չէ, և դրա համար էլ ես չեմ հասկանում, երբ փորձ է արվում ջրբաժան անցկացնել կառուցողական ու անհաշտ ընդդիմություն սկզբունքով։ Ի՞նչ է նշանակում անհաշտ։ Այսինքն` ծայրահեղ և դեստրուկտիվ։ Համաձայն եմ, որ կարելի է բերել նաև իշխանության դեստրուկտիվ լինելու փաստեր մեր երկրի ոչ հեռավոր անցյալից։ Բայց ամեն ինչի դեմ անհաշտ ընդդիմություն լինելն ուղղակի տրամաբանական չէ։ Դաշնակցությունն անհաշտ կեցվածք կունենա այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք ի սկզբանե անմարդկային են, դատապարտելի, ի սկզբանե հակահայկական։ Բայց սեփական ճակատին անհաշտ ընդդիմադիրի պիտակ կպցնելը և դա շարունակ գովազդելը քաղաքական ուժին դնում է ծիծաղելի վիճակի մեջ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ